Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվանն ընդառաջ այսօր՝ փետրվարի 3-ին, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում բաց դռների օր էր:
Օնկոլոգիայի կլինիկայի բժիշկները անվճար խորհրդատվություններ տրամադրեցին քաղաքացիներին:
Օնկոլոգիայի կլինիկայի ղեկավար, բժիշկ-ուռուցքաբան, քիմիաթերապևտ, ԵՊԲՀ օնկոլոգիայի ամբիոնի դասախոս Լիլիթ Հարությունյանը նշում է, որ նման նախաձեռնությունները հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակ ունեն: «Սա ևս մեկ առիթ է խոսելու և տեղեկացնելու մարդկանց քաղցկեղի մասին, կոտրելու կարծրատիպեր, որպեսզի մարդիկ չվախենան ժամանակին դիմել բժշկի, հետազոտվել: Պետք չէ վախենալ հետազոտության արդյունքում խնդրի ի հայտ գալուց: Քաղցկեղի դեպքում վաղ հայտնաբերումը մեծացնում է բարեհաջող բուժման հնարավորությունները, թե ֆիզիկապես, թե ֆինանսապես ավելի հեշտ և թեթեւ է լինում պացիենտների համար»,-նշում է բժիշկը:
Նշենք, որ այսօրվա խորհրդատվություններին գրանցվել էին ինչպես նախնական ախտորոշմամբ հիվանդները, այնպես էլ կլինիկայում բուժում ստացողները: Յուրաքանչյուր բուժառուի հետ մասնագետները քննարկել են առողջական վիճակը, արդեն իսկ իրականացված բուժումը և հաջորդ քայլերի անհրաժեշտությունը:
.png)